Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի ճակատում գտնվող ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը որեւէ մեկին չի համոզի, որ «այո» ասեն սահմանադրական փոփոխություններին։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց՝ քանի որ իրենք չեն նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները, այլ պարզապես կողմնակից են, այդ պատճառով միայն կողմ կքվեարկեն։ 

Գուրգեն Արսենյանը անդրադարձավ նաեւ հանրաքվեն չկեղծելու դեմ ընդդիմադիր խմբակցությունների՝ ընտրողների մատները թանաքոտելու առաջարկին՝ այն համարելով սփոփանք։ «Դա սփոփանք է այն ընդդիմադիրներին, որոնք հայտարարեւմ են, որ անպայման կեղծելու են, որովհետեւ եթե իշխանությունը կեղծելու ցանկություն չունի, կարող է եւ չթանաքոտել, ինչ խնդիր կա, եթե իշխանությունը ասում է, որ ինքը պատասխանատու է այս հանրաքվեի արդյունքների համար։ Մենք Հայաստանում մինչեւ հիմա չենք ունեցել որեւէ ընտրություն, որի արդյունքները անվերապահորեն ընդունվի ՀՀ բնակչության կողմից, բացի 99 թվականի ԱԺ ընտրությունից, երբ «Միասնություն» դաշինքը հաղթեց, եւ 90-ի նախագահական ընտրությունից։ Այդ պատճառով հասարակության, քաղաքացիների մեջ կա երկմտանք, որ իշխանությունները լեգիտիմ չեն, իշխանությունների մոտ էլ կա այն ցանկությունը, եթե այդ երկմտանքը կա՝ ոնց ուզում ենք անենք»։

Ընտրակեղծիքներից խուսափելու համար Արսենյանի առաջարկը հետեւյալն է․ «Պետք է չստել ու գնալ ընտրության առանց կեղծիքի, իմ առաջարկը դա է, չի կարելի ստել, որովհետեւ ստախոսությամբ քաղաքական, հասարակական կյանքում մենք մեր երկիրը հասցրել ենք էս վիճակին։ Պետք է իշխանությունները, քաղաքացիները, բոլորս չստենք ու գնանք ընտրությունների։ Քաղաքացին ինքն իրեն չպիտի խաբի, պիտի ասի, որ իր քվեարկությամբ պատասխանատու է երկրի համար։ Ինքը պիտի ասի՝ ես իմ քվեարկությամբ պատասխանատու եմ երկրի համար, իր մասով,  բա ինչ,  հո Հիսուս Քրիստոսը չի Ծառուկյանը, Արսենյանը մյուս մյուսը, որ հույսները դրել են նրանց վրա, ասում են՝ ախպեր ջան, մենք  ձեզ  ձայն տանք, դուք էլ գնացեք որոշեք»։