Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Իլհամ Ալիեւը Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության խորացման մասին հռչակագիրը «նախատեսում է երկու երկրների միջեւ քաղաքական, անվտանգության, առեւտրի, տնտեսության, տարանցման, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում գործընկերության ընդլայնում»:
Արարողության ավարտին Մարգվելաշվիլին լրագրողներին հայտարարել է, որ «Վրաստանի եւ Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել եւ ավելի քան երբեւէ ամուր են»: Ալիեւն իր հերթին ասել է, որ «Վրաստանն Ադրբեջանի մտերիմ երկիրն ու ռազմավարական գործընկերն է»:




























