«Ոչ»-ի ճակատն ուժեղացնում եւ լեգիտիմացնում է «Այո»ն։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Ամեն Աշոտյանը։
Նա նշել է, թե ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում անդրադարձ է կատարվել Սահմանադրական հանրաքվեի շտաբի խնդիրներին։ «Կազմակերպչական բնույթի խնդիրներ են քննարկվել, անդրադարձ է կատարվել կուսակցական եւ ոչ կուսակցության հարցերի»,- նշել է Աշոտյանը։
Հարցին,թ ե Սերժ Սարգսյանը մասնակցելու է արդյոք «Այո»-ի քարոզարշավին, Աշոտյանը պատասխանել է, թե այդ հարցը չի քննարկվել ԳՄ նիստում։ «Այս պահի դրությամբ ամբողջ ծավալով ընթանում են «Այո»-ի ՀՀԿ շտաբի հետ կապված աշխատանքները։ Շտաբեր ձեւավորել են նաեւ այլ քաղաքական ուժեր, եւ իրանց հետ հստակեցման, աշխատանքի կազմակերպման խնդիրներ կան»,- ասել է Աշոտյանը։
Խոսելով քարոզչությունից՝ ԿԳ նախարարը նկատել է, թե ԳՄ նիստում դիտել են որոշակի նյութեր, քննարկել են այդ նյութերի բովանդակությունը։ «Մեր քարոզչությունը լինելու է նպատակային, որ իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց ընտրությունը»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե «Ոչ»-ի ճակատը մտադիր է ակտիվորեն աշխատել մարզերում՝ դեկտեմբերի 1-ի համապետական հանրահավաքին մարդկանց Երեւան բերելու համար, Աշոտյանը պատասխանել է. ««Ոչ»-ի ճակատն ուժեղացնում եւ լեգիտիմացնում է «Այո»-ն։ Իրենց գործողությունները պետք է համադրելի լինեն օրենսդրության հետ»։





























