Մոսկվայում կանգնեցված հայկական ավտոբուսը տեխնիկական անսարքություններ չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նոյեմբերի 4-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կանգնեցված երկու ավտոբուսներից մեկի վարորդ Մ.Հակոբյանը: Նրա խոսքով, տրանսպորտային միջոցի բոլոր փաստաթղթերը կարգին են:
«Ինձ երկու անգամ ստուգել են: Ժամը 14:00-ի սահմաններում մոտեցան, ստուգեցին բոլոր փաստաթղթերը, նույնիսկ լուսանկարեցին: Հետո մոտեցան ուղեւորվելուց առաջ եւ ասացին, որ պետք է ստուգեն նաեւ ավտոբուսը»,- պատմեց Հակոբյանը՝ հավելելով, որ տեխզննումից հետո իրեն ասացին, որ ավտոբուսն անսարքություն ունի եւ չի կարող այլեւս շահագործվել: Դրանից հետո վարորդին տուգանել են, իսկ ավտոբուսը տեղափոխել հատուկ հրապարակ:
«Ես 27.550 ռուբլու չափով տուգանք եմ վճարել եւ վերցրել ավտոբուսը: Նոյեմբերի 13-ին դատական նիստ է նշանակված»,- ասաց նա:
Երկրորդ ավտոբուսը նույնպես անսարք են ճանաչել, այն շարունակում է մնալ տուգանային հրապարակում:
Ավտոբուսի ուղեւորներից Ա.Թովմասյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ բոլոր ուղեւորները մերժել են ավտոբուսից դուրս գալու՝ իրավապահների առաջարկը եւ վարորդի հետ գնացել են ոստիկանության բաժանմունք:
«Մեր անձնագրերը նույնպես ստուգեցին: Որեւէ խախտում չգտան: Հետո ավտոբուսը տեխզննման ենթարկեցին եւ ասացին, որ այն սարքին չէ: Ակնհայտ էր, որ այդպես չէ: Բայց ավտոբուսը տարան տուգանային հրապարակ, իսկ մենք ստիպված էինք վերցնել մեր բեռները»,- պատմեց ուղեւորը:
Նրա խոսքով, ամբողջ գործընթացը տեւել է մինչեւ առավոտյան ժամը 4-ը: Տոմսերի գումարը վերադարձրել են:
«Այդպիսով 44 ուղեւորներ բեռներով փողոցում հայտնվեցին: Ոմանք շփոթված էին, նրանք եկել էին հեռավոր շրջաններից, իրենց մոտ գումար չունեին: Ինչ պետք է անեինք... լուծեցինք իրավիճակը»,- պատմեց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պետավտոտեսչությունն արգելել է Ռուսաստանի տարածքում շահագործել նոյեմբերի 4-ին կանգնեցված երկու ուղեւորատար ավտոբուսները: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության համաձայն, ստուգման ընթացքում արգելակման եւ ղեկի համակարգի լուրջ անսարքություններ են հայտնաբերվել:




























