Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից մեկ տարի անց կարելի է արձանագրել այդ փաստաթղթերի որոշակի դրական ազդեցությունը հայկական եւ թուրքական իրողությունների վրա, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, դրականն առաջին հերթին այն է, որ հայ ժողովրդի պահանջները տեսական ոլորտից անցել են գործնականի: «Նախկինում մենք միայն տեսականորեն պահանջում էին սահմանի բացում, տեսականորեն պատկերացնում էինք, թե կարելի է երկխոսություն սկսել թուրք ժողովրդի հետ, իսկ արձանագրություններից հետո ակնհայտ դարձավ, որ մենք պատրաստ չենք ոչ սահմանի բացմանը, ոչ թուրքերի հետ հարաբերությունների հաստատմանը: Իր հերթին պարզվեց, որ թուրքերը եւս պատրաստ չեն ներողություն խնդրել հայերից: Մենք ավելի լավ ճանաչեցինք իրար»,- հայտնել է փորձագետը: Ընդ որում, նա ընդգծել է, թե արդեն հաջորդ անգամ, երբ սկսվի հայ-թուրքական նոր գործընթաց, կողմերն ավելի պատրաստ կլինեն եւ առավել արդյունավետ փաստաթղթեր կմշակեն:
Շաքարյանը չկիսեց այն փորձագետների եւ գործիչների կարծիքը, որոնք հայ-թուրքական գործընթացը հայկական դիվանագիտության պարտություն են համարում: «Ընդհակառակը, մենք ցույց տվեցինք, որ կարող ենք նախաձեռնություն ցուցաբերել, ի վերջո, այդ գործընթացը վաղ թե ուշ սկսվելու է»,- ասել է նա:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն իր հերթին ընդգծել է, թե հայ-թուրքական գործընթացը շատ բացասական ազդեցություններ ունեցավ: Առաջին հերթին, ըստ նրա, ստորագրվել են հայկական կողմի համար կասկածելի փաստաթղթեր, որոնք հանգեցրել են Անկարայի՝ ղարաբաղյան կարգավորմանը խառնվելու փորձերին: Գործընթացը նաեւ բերել է թուրք-ադրբեջանական տանդեմի ստեղծման արագացման: «Դրականն այն էր, որ մենք հերթական անգամ ճանաչեցինք թուրքերին»,- ասել է Սարգսյանը:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել են 2009-ի օգոստոսի 31-ին, իսկ նույն տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրվել են Ցյուրիխում: Սակայն դրանք այդպես էլ չեն վավերացվել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից:



























