2025–ի օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում նախաստորագրում էիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, նախագահ Թրամփը դիմելով ձեզ և հենց ձեր ներկայությամբ ուղիղ ասաց, որ պատրաստվում է և կարող է դիմել նախագահ Ալիևին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով։ Նա նույնիսկ ավելացրեց, որ վստահ է, որ Ալիևը կհամաձայնի։ Անցել է մեկ տարի և մի քիչ էլ ավելի, մեր հայրենակիցները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, դեռ շարունակում են լինել Բաքվի բանտում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Նրանք այնտեղ կեղեքվում են, փակ դռների հետևում հնարավոր բոլոր նրանց իրավունքները և միջազգային նորմերի խախտումով ընթանում են կեղծ դատավարություններ, խոշտանգման դեպքեր արձանագրվել են միջազգային այլ կազմակերպությունների կողմից, նրանք զրկված են պաշտպանվելու բոլոր հնարավոր միջոցներից, այդ թվում միջազգային պարտավորություններով կամ միջազգային տարբեր համաձայնագրերով երաշխավորված։ Նրանք չունեն իրենց դատավճիռները, այդ բանտերում արգելված է անգամ Կարմիր խաչի մուտքը։
Ես ունեմ երկու հարց. արդյոք դուք օգտվել եք Թրամփի հետ կապից, կարծեմ նա ձեզ էր փոխանցել իր WhatsApp-ի համարը, հետապնդե՞լ եք այս խնդիրը և հիշեցրե՞լ եք Թրամփին իր այդ հրապարակային խոստումը և ինչ արդյունքներ կարող ենք արձանագրել։
Եվ երկրորդը, ի՞նչ կոնկրետ միջազգային մեխանիզմներ է կառավարությունը գործադրել կամ պատրաստվում գործադրելոււ, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների վերադարձը, ի՞նչ միջազգային կառույցների միջոցով եք ուզում հետապնդել հարցը և խնդրում եմ նաև ժամկետների մասին խոսել»,–ասաց նա։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բազմիցս ենք ասել, որ այդ հարցով հրապարակային քննարկումները օգտակար չենք համարում: Ես չեմ կարող ձեզ հետ կիսել, ի՞նչ եմ ես ասել նախագահ Թրամփին, նախագահ Թրամփը ի՞նչ է ասել և այլն։ Դա ձեր նշած խնդրի լուծման համար ոչ միայն օգտակար չի լինի, այլ էլ ընդհակառակը, կլինի վնասակար։ Հարցի երկրորդ մասին ասեմ, որ ինչպես նախկինում առիթ ենք ունեցել բազմիցս ասելու, մենք ոչ մի առիթ բաց չենք թողնում խնդիրը ընդգծելու, կարևորելու և լուծելու համար։ Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են, այդ միջոցները ձեռնարկելիս մենք զերծ ենք մնում դրանց մասին հրապարակային բարձրաձայնելուց, որովհետև կարծում ենք, որ դա ոչ միայն օգուտ չի տա, այլ և ընդհակառակը վնաս կտա»։
Լիլիթ Գալստյանը նկատեց, որ Փաշինյանը ամեն անգամ թաքնվում է չխանգարելու, չվնասելու քողի տակ. «Չկա խաղաղության գործընթաց, խաղաղության փորձի միջազգային որևէ փորձ, որը չհենվի գերիների, պահվող անձանց վերադարձի վրա։ Սա խաղաղության կարևոր բաղադրիչն է, սա նաև հումանիտար մեծագույն խնդիր է։ Թույլ տվեք ասել, որ ես ձեր քաղաքական կամքը և պատրաստակամությունը չեմ տեսնում այս հարցի հետապնդման առնչությամբ»,–ասաց նա։
Փաշինյանն էլ արձագանքեց. «Դուք քաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև մենք ցույց չենք տալիս: Ինչ վերաբերվում է ձեր հարցի առաջին մասին, լիարժեք կերպով համաձայն եմ, որ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին շատ էական և կարևոր է գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար հարցերի հասցեագրումը։ Դա է պատճառը, որ մենք այդ հարցը մեր օրակարգից երբեք չենք հանում»։
Իր հերթին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Սյուզաննա Ավետիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին. «Ո՞րն է այն ժամկետը, որը ֆիքսել եք ձեզ համար գերիների վերադարձի գործընթացի հետ կապված, որից հետո դուք կհամարեք, որ տապալել եք գերիների վերադարձի գործընթացը և հրաժարական կտաք»։
Վարչապետը պատասխանեց. «Ժամկետը, որ ինձ համար սահմանել եմ՝ րոպե առաջն է թե գերիների, թե անազատության մեջ գտնվող վերադարձի մասով։ Ինչ վերաբերվում է հրաժարականին էլի հիշեցնեմ ձեզ, որ ես 2018 թվականից ի վեր առնվազն երկու անգամ հրաժարական եմ տվել։
Խաղաղությունը բազմաշերտ երևույթ է, այսօր դուք ասում եք, որ Հայաստանի մեր 19 հայրենակիցների համար խաղաղությունը չկա, բայց ես ասում եմ, որ միլիոնավորների համար խաղաղությունը կա, և քանի դեռ միլիոնավորների համար խաղաղությունը կա, ես կհամարեմ, որ խաղաղությունը կա»։




























