ՌԴ և ՀՀ ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել են, որ փոքր-ինչ ուշ «հատուկ առանձին երկկողմ հանդիպում» կանցկացնեն, որի ընթացքում ազնվորեն կքննարկեն ԵՄ անդամ դառնալու Երևանի ձգտման և դրան հաջորդող ամեն ինչի հետ կապված հարցերը։ Այս մասին Երիտասարդության միջազգային փառատոնում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսական դիվանագիտության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Մոսկվան ոչ մի կերպ չի պատրաստվում խանգարել Երևանին ընտրել իր գործընկերներին ու զարգացման ուղիները, սակայն չի ցանկանում նաև հովանավորել Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի նախապատրաստումը ԵԱՏՄ-ում ստացվող այդ հսկայական արտոնությունների հաշվին, և դա, Լավրովի խոսքով, «բավականին ակնհայտ բան է»։

«Բայց նշված և մյուս բոլոր ասպեկտներով հանդերձ՝ նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հանդիպել են Բիշքեկում, — հիշեցրել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, — նրանք պայմանավորվել են առանձին երկկողմ հանդիպում անցկացնել և այս ամենի մասին ազնվորեն զրուցել»։