Անցած հանգստյան օրերին ամերիկացի պաշտոնյաները Օմանում հանդիպել են Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների։

«Հանդիպումը, որի մանրամասները չեն հրապարակվել, տեղի է ունեցել Մասկատում ԱՄՆ դեսպանատանը, անանունության պայմանով հայտնել են երեք աղբյուրներ։ Երկու աղբյուր հայտնել են, որ Օմանի կառավարությունը, որը երկար ժամանակ հանդես է եկել որպես տարածաշրջանային միջնորդ, օգնել է կազմակերպել այս հանդիպումը», — ասվում է նյութում։

Ինչպես հայտնել են երկու աղբյուրներ, հանդիպմանը հութիներն ԱՄՆ պաշտոնյաներին հայտարարել են, որ մտադիր չեն հարձակվել ամերիկյան նավերի վրա և որ հավատարիմ են Վաշինգտոնի հետ 2025 թվականին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան կողմը ներկայացրել են դեսպանատան աշխատակիցները։ Հութիների պատվիրակության կազմում ընդգրկված է եղել Մասկատից բարձրաստիճան պաշտոնյա, ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Մոհամմեդ Աբդուլսալամը։ Մեկ այլ աղբյուր հաստատել է Աբդուլսալամի, ինչպես նաև հութիների մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Աբդելմալիկ ալ-Աջիրիի ներկայությունը։