Լեհաստանը որոշել է ուժեղացնել Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված անցակետերի պաշտպանությունը և այնտեղ է տեղափոխել զինվորականներ ռուսական հարձակումներից հետո, հայտնել է երկրի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Ըստ նրա՝ «վերջին օրերը ցույց են տալիս, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են ամբողջ Եվրոպայի անվտանգությանը», ինչի կապակցությամբ զինվորականները ուղարկվել են Սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։ Նախարարը նշել է նաև, որ 18-րդ ինժեներական գնդի զինվորներն արդեն Լեհաստան-Ուկրաինա սահմանի անցակետերի և ենթակառուցվածքների ամրապնդման աշխատանքներ են կատարում։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ աշխատանքներին ներգրավվել է նաև 4-րդ ինժեներական գունդը, որը Դորոհուսկ, Մեդիկա և Կորչովա անցումների մոտդիտակետեր և պահակակետեր է կառուցում։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին անցակետերը կաշխատեն «հատուկ ռեժիմով»։ Պոդկարպատյան վոյեվոդության վոյեվոդա Տերեզա Կուբաս-Խուլը հայտնել է, որ կհրավիրի անցակետերի անվտանգության հարցերով ճգնաժամային շտաբ։ Ըստ նրա՝ ենթակառուցվածքը միաժամանակ կստուգվի արտակարգ իրավիճակի դեպքում մարդկանց արագ տարհանման կարողության տեսանկյունից։ Իր հերթին Նադբուժան սահմանապահ բաժնի հրամանատար գեներալ Յացեկ Շչոնխորը կարգադրել է անցակետերի աշխատակիցներին սաղավարտներ և զրահաբաճկոններ տրամադրել, ինչպես նաև սահմանել ապաստարանների վայրերը։ Սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ մեկ անօդաչու թռչող սարք ընկել է Լեհաստանի սահմանից 1 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 5 կմ հեռավորության վրա։ Երրորդ անօդաչու սարքը հարվածել է Կիև-Վարշավա գնացքին Վոլինի մարզի «Յագոդին» կայարանում։ Ուղևորներին հասցրել են տարհանել հարվածից 15 րոպե առաջ, ոչ ոք չի տուժել։
Ուկրաինայում հայտարարել են, որ հարվածի թիրախը կարող էր լինել հենց դիվանագիտական գնացքը, որը կայարանից մեկնել էր նախատեսված ժամից շուտ։ Նրա ուղևորների թվում եղել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Գյունտեր Զաուտտերը։ Այդ պահին կայարանում գտնվող մեկ այլ գնացքով տեղափոխվում էր ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը։ Հարձակման ընթացքում լեհ զինվորականներն օդ են բարձրացրել կործանիչներ։
Սեպտեմբերի 13-ին Տուսկը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ ռազմական գործողությունների, որոնք կարող են ազդել երկրի տարածքի վրա։ Նա ընդգծել է, որ Լեհաստանը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները «անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինեն համատեղ պատասխանին»։
Դրանից առաջ Լեհաստանը մինչև դեկտեմբերի 9-ը սահմանափակել էր երկրի արևելյան հատվածում օդային տարածության օգտագործումը։ Մասնավորապես, միջոցները վերաբերում են գետնից մինչև 3 կմ բարձրության տարածքին, իսկ գիշերն այդ գոտում թռիչքներն ամբողջությամբ արգելված են։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայում պատերազմի ֆոնին հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով։ Ամռան ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունների պատճառով Լեհաստանը մի քանի անգամ կործանիչներ է օդ բարձրացրել։




























