Սաուդյան Արաբիան եվրոպացի հաճախորդներին տեղեկացրել է սեպտեմբերին բեռնման համար նախատեսված նավթի որոշ խմբաքանակների մատակարարումների չեղարկման մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի աղբյուրներին։
Աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը՝ Էր-Ռիադը, արդեն կրճատել է մատակարարումները համաշխարհային շուկա մինչև բազմամյա նվազագույնը՝ օրական 3 միլիոն բարել՝ Իրանում պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցի փակվելուց հետո։ Արտահանման համար Սաուդյան Արաբիան սկսել է օգտագործել «Արևելք-Արևմուտք» նավթատարը, որը երկրի ամբողջ տարածքով ձգվում է Պարսից ծոցից մինչև Կարմիր ծով։
Սակայն հանգստյան օրերին նավթատարի վրա գտնվող մի քանի պոմպակայաններ ենթարկվել են Իրանի կողմից աջակցվող հութիների հարձակումներին, ինչից հետո թագավորության պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, հայտարարել է մղման դադարեցման մասին՝ անորոշ ժամկետով։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Կարմիր ծովի ափի Յանբու նավահանգստով սաուդյան նավթի բեռնափոխադրումները, ուր հասնում է «Արևելք-Արևմուտք» նավթատարը, դադարեցվել են։ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարվածներից բացի, հութիները Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գրավել են ռազմավարական կարևորություն ունեցող Պերիմ կղզին։ Արդյունքում նրանք ուժեղացրել են Կարմիր ծովից դեպի Ադենի ծոց և այնուհետև՝ դեպի Հնդկական օվկիանոս տանող նեղ անցուղու նկատմամբ վերահսկողությունը, նշում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրները տարբեր գնահատականներ են տվել նավթատարի վերանորոգման ժամկետների վերաբերյալ, որը դարձել էր վերջին զարկերակներից մեկը, որով մերձավորարևելյան նավթը շարունակում էր հասնել համաշխարհային շուկա։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ վերանորոգումը կարող է տևել հինգից վեց շաբաթ, իսկ երկրորդը կարծում է, որ ավելի քիչ ժամանակ կպահանջվի, և որ աշխատանքները կարող են մասամբ վերսկսվել նույնիսկ մինչև վերականգնողական աշխատանքների ավարտը։
Եվրոպայում սաուդյան նավթի խոշոր գնորդները, ինչպես, օրինակ, Լեհաստանը, ստիպված են շտապ որոնել այլ մատակարարների, մինչդեռ հում նավթի ֆիզիկական խմբաքանակների գները գերազանցել են մեկ բարելի դիմաց 120 դոլարը, նշում է Reuters-ը։




























