Ճապոնիան, պաշտպանական ներուժի ընդլայնման շրջանակում, ծրագրում է 2027-2031 թվականներին գնել տարբեր նշանակության շուրջ 52 հազար անօդաչու թռչող սարք։ Դրա մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ այդ 52 հազարից շուրջ 10 հազարը կկազմեն մեծ հեռահարության հարվածային դրոններ, որոնք ունակ են հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին, իսկ 7,5 հազարը՝ հետախուզական դրոններ։ Նշվում է նաև, որ անօդաչու համակարգերի և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 7 տրիլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով՝ 45 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Զինված ուժերը պոտենցիալ հակառակորդի տարածքում գտնվող թիրախներին պատասխան հարվածներ հասցնելու միջոցներով ապահովելու համար, ներառյալ մեծ հեռահարության հրթիռները, նախատեսվում է հատկացնել ավելի քան 9 տրիլիոն իեն (58 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ վեց անգամ ավելի, քան նախատեսում է երկրի գործող ազգային անվտանգության ռազմավարությունը։

Ճապոնիայի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Մասնավորապես, դրանում նշվում է պոտենցիալ հակառակորդի տարածքում տեղակայված թիրախներին պատասխան հարվածներ հասցնելու Ճապոնիայի իրավունքը։ Միաժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ կանխարգելիչ հարվածներ հասցնելը չի թույլատրվում։ Ռազմավարությունը նախատեսում էր նաև մինչև 2027 թվականը ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ին՝ ՆԱՏՕ-ի օրինակով, սակայն վարչապետ Սանաե Տակաիտին արդեն խոստացել է, որ այդ նպատակը կհասցվի ժամկետից շուտ։ Պատասխան հարվածի ներուժ ձեռք բերելու համար Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է մեծացնել իր զինանոցում առկա «Տիպ-12» հրթիռների հեռահարությունը, մշակել սեփական գերձայնային սպառազինություններ և գնել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց գրեթե անմիջապես հետո Տակաիտին հանձնարարել է սկսել անվտանգության ոլորտի հիմնական փաստաթղթերի, դրանց թվում՝ ազգային անվտանգության ռազմավարության, վերանայումը՝ դա պատճառաբանելով աշխարհում և Ճապոնիայի շուրջ տարածաշրջանում անվտանգության ծանր իրավիճակով։