Walt Disney ամերիկյան ընկերության մաքուր եկամուտը ֆինանսական տարվա արդյունքներով ռեկորդային ցուցանիշների է հասել, հայտնել են ընկերությունից: Հոկտեմբերի 3-ին ավարտված եռամսյակի արդյունքներով՝ ընկերության մաքուր եկամուտը կազմել է 1.61 մլրդ դոլար: Իսկ նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 1.5 մլրդ էր:
Ընկերությունից հայտնել են, որ սպառողական ապրանքների թողարկումից ստացված օպերատիվ եկամուտը աճել է 10 տոկոսով, իսկ շահույթը՝ 11: Դրան նպաստել են «Սառցե սիրտը» մուլտֆիլմի մոտիվներով արտոնագրված ապրանքների վաճառքի լավ ցուցանիշները: Այդ մուլտֆիլը, որի արտադրական ծախսերը 150 մլն դոլար էին, միայն վարձույթում 1.274 մլրդ դոլար էր հավաքել:
Շուտով ընկերությունը կթողարկի «Աստղային պատերազմներ» կուլտային սագայի նոր դրվագը:
2014 թ. արդյունքներով Walt Disney-ը դարձել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր կինոընկերությունը: «Սառցե սիրտը» մուլտֆիլմից բացի դրան նպաստել է նաեւ «Տիեզերքի պահակները» ֆանտաստիկ մարտաֆիլմի թողարկումը:
Մինչ այդ հոլիվուդյան ամենաեկամտաբեր կինոստուդիաների ցանկում առաջին տեղում Warner Bros ընկերությունն էր:




























