Չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված էր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Մինսկում Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով այսօր մասնակցել է Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում:

Երկուստեք կարեւորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության սերտացումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված էր:

ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Բելառուս պաշտոնական այց կատարելու հրավերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ դատապարտելով դրանց ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Անդրեյչենկոյին Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրման հարցում օժանդակելու համար:

ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացնել Երեւանում գալիք տարվա գարնանը: