Եգիպտոսից ինքնաթիռով վերադարձող ռուս զբոսաշրջիկներին թույլ են տվել օդանավ բարձրացնել ամենաանհրաժեշտ անձնական իրերը։ Այդ իրերի թվում են, մասնավորապես, մանկական սնունդն ու դեղերը։ Այդ մասին հայտնում է Օդային տրանսպորդի դաշնային գործակալությունը։
Նշվում է, որ անհրաժեշտ է իրերը տեղավորել ձեռնապայուսակում։ Ինչպես բացատրել է Ռուսաստանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի տրանսպորտի կոմիտեի ղեկավար Դմիտրի Գորինը, դրա քաշը չպետք է գերազանցի 10 կիլոգրամը, տեղեկացնում է Լենտա-ն։
Ռոսավիացիան իր պորտալում դիմում է այն ուղեւորներին, որոնք դեռեւս պատրաստվում են եգիպտական առողջարաններ մեկնել եւ կոչ է անում չգալ օդանավակայաններ։ «Կահիրե, Շարմ-էլ-Շեյխ եւ Խուրգադա չվերթներ չեն իրականացվելու»,-զգուշացնում է գործակալությունը։
Նոյեմբերի 6-ի երեկոյից ի վեր ռուսական ավիաընկերությունները դադարեցրել են ուղեւորներով բոլոր կանոնավոր, տարանցիկ եւ չարտերային չվերթները։ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով 20:00-ից սկսած՝ օդանավերը Ռուսաստանից աֆրիկյան երկիր են մեկնում դատարկ, որպեսզի այնտեղից զբոսաշրջիկների բերեն։





























