Ջրաշենցի 4-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվող՝ «Արմավիր» ԲԿ-ի բժշկուհի Անահիտ Պետրոսյանն ու փոքրիկի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանն առերեսվել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարինե Հովհաննիսյանը:

«Ինքը ամեն ինչ hերքեց, նայում էր երեսիս ու ստում էր, ոչ մի խղճի խայթ չէր զգում: Ասում եմ՝ դու իմ ամբողջ կյանքը կործանել ես, ասում ա՝ ես էլ եմ էդ ապրումները ապրում: Մի բան գրելուց դողալով էր գրում, մազերի հետ էր խաղում, հայացքը փախցնում էր»,- ասաց երեխայի տատիկը:

Կարինե Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ժամանակ բժշկուհին ասել է, թե երեխայի ջերմությունը չափել է, այնինչ, իր պնդմամբ, նման բան չի եղել. «Ասում ա եմ՝ ո՞վ ա չափել, եթե ես ամբողջ ժամանակ հետն եմ եղել: Պատասխանելու փոխարեն ասում ա՝ ո՞վ ա մեջդ չարություն դրել»:

Երեխայի տատիկը, որը պնդում է, որ փոքրիկը մահացել է, որովհետեւ բժշկուհին անզգուշաբար է երեխայի ստամոքսի լվացում արել եւ ջուրը ստամոքսի փոխարեն թոքերի մեջ է լցրել, ասաց, որ առերեսման ժամանակ բժշկուհին ասել է, որ չէր կարող նման բան արած լինել: Փոքրիկի տատիկի խոսքով՝ նա նաեւ հերքել է, թե ինքը Հովհաննիսյաններից գումար է  պահանջել երեխային զննելու համար:

«Արձանագրության մեջ գրում ա՝ չեմ վերցրել, գիտեի, որ բուժօգնությունը անվճար ա, տենց բան որ լիներ, իրանք կզանգեին թեժ գիծ: Բայց մեզ շատ հետաքրքի՞ր էր էդ, մեզ մեր երեխու առողջությունն էր հետաքրքրում մենակ»,- ասաց Կարինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ Անահիտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ ինքը ոչ մի սխալ թույլ չի տվել, իր պարտականություններում չի թերացել ու իր գործողությունները չէին կարող հանգեցնել երեխայի մահվան:

Հիշեցնենք, որ Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել:

Երեխայի ծնողները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է տոքսիկ շոկից: Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Բժշկուհին հերքում է այս մեղադրանքը: