Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում նախկին նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո շարունակվում են կադրային զտումները։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ազգային անվտանգության նախարարության տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը կարող է մոտ ժամանակներս կալանավորվել։ Strateq.az կառավարական կայքի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության նախարարության շատ աշխատակիցներ հարցաքննության ժամանակ ասել են, որ իրենք հակաիրավական գործունեություն կատարելու հրաման էին ստացել անմիջապես Աքիֆ Չովդարովից։

Միաժամանակ շատ բիզնեսմեններ, որոնց անունները չեն հրապարակվում, հայտնել են, որ Աքիֆովն իրենց ահաբեկել է, գողացել ունեցվածքը եւ մեծ գումարներ։ Պարզվել է, որ Չովդարովը սեփական խմբավորումն է ունեցել, որը զբաղվում էր գործարարների առեւանգմամբ։ Այդ խմբավորումն ուներ սեփական բանտը, որը կապ չուներ Ազգային անվտանգության նախարարության հետ։

Չովդարովն առեւանգում էր բիզնեսմեններին, որոնց հարազատները բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Նրանց պահում էին այդ բանտերում եւ ցուցադրելով նրանց մասին գաղտնլսումներով ու լրտեսությամբ հավաքած տեղեկությունները՝ դրամ շորթելու նպատակով շանտաժի ենթարկում բիզնեսմեններին։

Ըստ նշված տեղեկությունների՝ Չովդարովին այդ գործում օգնել են ոչ միայն Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները, այլ նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչները։