Եթե Հայաստանում Սահմանադրությունը չփոխվեր, միեւնույն է երկրի նախագահը հանրապետական կլիներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է Սահմանադրությունը փոխել, որպեսզի առաջին եւ երկրորդ նախագահները չհավակնեն նախագահի պաշտոնին:
«Քաղաքական կուսակցությանը ձեռնտու է միակենտրոն ղեկավարությունը, պիտի դրանից հեռանալ եւ պետական մտածողությամբ գնալ, այնպես որ, եթե խոսքը վերաբերում է հանրապետականին, ցանկացած դիրքերում էլ շահեկան պայմաններում ՀՀԿ-ն է, մեր ռեզերվները նկատի ունեմ, թե նույնը թողնելով (Սահմանադրությունը-խմբ), թե լրիվ նախագահական դարձնելով»,-ասել է Գալուստ Սահակյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե եթե Սահմանադրությունը չփոխվեր, Սերժ Սարգսյանը չէր կարող 3-րդ անգամ նախագահ դառնալ, ԱԺ նախագահը պարզաբանել է. «Մի ուրիշ Հանրապետական կլիներ: Բայց էս պարագայում էլ միեւնույն է չի լինելու, հետո փորձում են վարկաբեկել, իբրեւ թե գլխավոր մի բոբո կա հանրապետությունում եւ նրանից պիտի ազատվեն: Ես էլ ասում եմ` ցույց տվեք մեկին, որը կենսագրական այնպիսի արարումներ ունենա մեր անկախ հանրապետությունում: Ասում են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, բայց ես ասում եմ` իրենք էլ թիմ չունեն»:





























