Երեւանի 17-ամյա բնակիչ Արսեն Հերիքյանը, որը նոյեմբերի 7–ին նետվել է Բաշինջաղյան 6-րդ շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց տան բնակարանի պատշգամբից, դեպքի պահին տանը պապիկի հետ է եղել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց շենքի բնակիչներից մեկը` նշելով, որ պապիկը, սակայն, չի տեսել, թե ինչպես է նա նետվում:

«Երեկոյան գոռգոռոցներից դուրս եկա, սկզբից չէինք էլ հասկացել, որ ինքն է, բոլորը շատ խառնված էին, չէինք հասկանում` ինչ է կատարվել: Հետո խոսակցություններից հասկացանք»,-ասաց հարեւանուհին:

Արսենի մայրն ու քույրը դեպքի ժամանակ խանութում են եղել` գնացել էին գնումներ կատարելու, որ հաջորդ օրը պապիկին Ռուսաստան ճանապարհեն։ Հարեւանների խոսքով, իրենք գաղափար չունեն, թե ինչը կարող էր 17–ամյա պատանուն նման քայլի դրդել, մինչեւ վերջերս նա լավ առաջադիմությամբ սովորել է Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, վերջին մեկ ամսում, սակայն, տղայի առաջադիմությունը կտրում ընկել է, ինչից ենթադրում են, որ տղան «վատ շրջապատ է ընկել»։

 Շենքի բնակիչների խոսքով,  Արսենը եղել է կրթված ու զարգացած ընտանիքից, հայրն աշխատել է ռազմական ոստիկանությունում:

Արսենը ընտանիքի կրտսեր զավակն էր, ավագ քույր ունի։

Ավելի վաղ NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում նոյեմբերի 7-ի երեկոյան 17-ամյա տղայի դին հայտնաբերելու դեպքով քրեական գործ է հարուցվել` ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը: