Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անցած շաբաթ Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ հայտարարեց, թե ստեղծված տնտեսական իրավիճակում ժողովրդի կյանքը բարելավվելու խոստումները ազնիվ չեն։ 2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսված  տնտեսական աճը 2.2 տոկոս է, իսկ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում: Ըստ վարչապետի՝ նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման եւ տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Ներդրումների հետ կապված վարչապետի հայտարարությունը ուշագրավ էր, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում ահագնացել են այն դժգոհությունները, որ ներդրումների համար Հայաստանում բարենպաստ միջավայր չկա։ 

Թե որքանով է իրատեսական վարչապետի մատնանշած ելքը՝  ստեղծված վատթար վիճակից դուրս գալու համար, NEWS.am-ը լսել է առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի մեկնաբանությունները։

Պարոն Սարգսյան,  վարչապետը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու  միակ ճանապարհը ներդրումների խթանման եւ տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է, մինչդեռ ներդրումների հետ կապված հայտնի են դժգոհությունները, որ Հայաստանում բարենպաստ միջավայր չկա։  Ներդրումների համար բարենպաստ դաշտը ստեղծվա՞ծ է, մենաշնորհի, հովանավորված բիզնեսների խնդիրը լուծվա՞ծ է։

Ներդրումների համար նախադրյալներ միշտ էլ կան, ուղղակի խնդիրն այլ դաշտում է գտնվում, թե որքանով  է հրապուրիչ։ Մեզ  մոտ յուրաքանչյուր ներդրողի համար շատ ուշադիր են,  նման խնդիր չի լինում այն առումով, որ եթե մարդը ներդրումներ է կատարում, թող մեկնումեկը փորձի խոչընդոտել  կամ նման մի բան, դա շատ խիստ ռեժիմի ներքո է։

Շատ են շրջանառվող լուրերը, որ շատ գործարարների ստիպում են փայ տալ, կամ բաժնեմաս են խլում։

Դրանք խոսակցություններ են, եթե նման բան լինի  ՀՀ օրենքը կգործի։ Եթե մեկը ստիպողաբար փորձի նման խնդիրներով մտնել եւ փայատեր դառնալ, ես չեմ ուզում նման բանի հավատալ, դրանք ասեկոսեներ են։

Այսինքն, առաջարկում եք, որ նման վտանգի տակ գտնվող գործարարները հրապարակեն դրա մասին։

Եթե նման բան կա, թող բարձրաձայնեն։ Դուք որեւէ գործարարի լսել եք, որ ասել է՝ իր բիզնեսը փորձում են վերցնել, իր հետ փայատեր դառնալ ու այդ իրավիճակում ինքը սուսուփուս նստում է։ Կամ ընդհանուր համաձայնության են գալիս, ներդրում է կատարվում որոշակի, ես կոնկրետ մարդու մասին չեմ խոսում, այլ ընդհանրապես եմ ասում, կամ  ընդհանուր հայտարարի են  գալիս։  Ես այսօր մարդիկ գիտեմ, ովքեր փորձում են գումարներ ներգրավել իրենց բիզնեսում եւ մարդկանց հետ փայատեր դառնալ,  այսինքն՝ մարդը ինքը մասնակից  է դառնում այդ գործընթացին։

Մի գուցե անձամբ չեն բարձրաձայնում ճնշումների կամ բիզնեսն ամբողջությամբ կորցնելու վախի պատճառով։

Հավատացած եղեք, ես բոլորի  հետ շփվում եմ, փառք Աստծո, իրենք հնարավորություն ունեն բարձրաձայնելու,  ես պալատի նախագահն եմ, կլսեի, որ որեւէ մեկը բարձրաձայնում է դրա մասին։

2016 թվականի բյուջեում նախանշված տնտեսական աճի ցուցանիշը, վարչապետի եւ նախարարների հոռետեսական հայտարարություններն արդեն  իսկ  վկայում են, որ ծանր տարի է սպասում։  Որպես առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ՝ կարո՞ղ եք կանխատեսել գործարար ոլորտում ի՞նչ է սպասում։

Ես միանգամից ասեմ, որ դժվար պայմանները տարածաշրջանի, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հետեւանք էր։  Չի գալիս կոնկրետ Հայաստանի իրավիճակից, այլ Ռուսաստանի  նկատմամբ քաղաքականությունից, որոնք հանգեցրել են այս վիճակին։  Բայց ես համոզված եմ, որ քաղաքական առաջին դեմքերը, բոլորը խոհեմ են եւ կնստեն կլոր  սեղանի շուրջ եւ կլուծեն այդ խնդիրները։  Պարզապես եթե կառավարությունը ինչ-որ մի բան ներկայացնում է, ես ավելի շատ  հակված եմ հավատալու կառավարությանը, որը  ջանքեր է դնելու հաջորդ տարվա համար։

Կառավարությունը 2․2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել։ Սա ի՞նչէ, կարողությունների ռեալ գնահատո՞ւմ՝ հաշվի առնելով, որ նախկինում հռչակված  ցուցանիշները չէին ապահովվում, թե՞ իրավիճակի ավելի վատթարացում։

Վերջիվերջո, կանխատեսումների ընթացքում շատ բաներ արտաքին քաղաքականությունից են կախված եւ պարզապես այսօրվա իրավիճակը գնահատում են այս չափով։

Փաստորեն, Հայաստանի՝ ԵՏՄ անդամագրվել  պտուղները դեռեւս սրանք են։ Խոստացված բարեկեցությությունը իրականության հետ աղերս չունի՞։

Իրենց մոտ էլ նույն վիճակն է, նույն իրավիճակն է Ռուսաստանում։ Կարծում եմ  տարվա վերջ երեւի Հայաստանի  քաղաքացիներին կբացատրեն՝ ինչու այդպես եղավ։

Զրուցեց Գայանե Սարիբեկյանը