ԼՂՀ անկախության հռչակման տարեդարձին ընդառաջ «Ազգը» զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր,  ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Նա ասել է. «2008 թվականի գարնանը ստեղծվեց շատ բարենպաստ իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս շտկելու հայկական կողմի հիմնական սխալը: 2007-ի նոյեմբերին Մադրիդյան սկզբունքներն արձնագրվեցին որպես հիմք` խնդրի կարգավորման համար, եւ այդ փաստաթուղթը ունի մեկ շատ էական ու սկզբունքային տարբերություն` նախորդ բոլոր նախագծերի համեմատ. այնտեղ ինքնորոշման իրավունքն արձանագրվում է որպես կարգավորման սկզբունքներից մեկը: Իհարկե, այստեղ եւս հիշատակվում է տարածքային ամբողջականության սկզբունքը…:

Ավելացնեմ միայն, հարցը վերջնականորեն փակելու համար, որ ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն ժամանակին Բաքվում պարզաբանեց այդ երկու սկզբունքների առկայության անհրաժեշտությունը, նշելով, որ այս հակամարտության մեջ կա երկու տարբեր բաղադրիչ` միջպետական, որպես Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, եւ այստեղ գործում է տարածքային անմբողջականության սկզբունքը, եւ ներքին, ինչպես Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որի պարագայում գործում է ինքնորոշման սկզբունքը: Բանակցությունների կողմերը եւ համանախագահները, Մադրիդյան սկզբունքներում արձանագրելով ինքնորոշման իրավունքը, շատ լավ հիմք ստեղծեցին ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Ավելին, 2008-ի գարնանը դրան ավելացան եւս երկու գործոն: Դրանցից մեկը նախագահական ընտրություններն էին Հայաստանում եւ նոր նախագահի պաշտոնի ստանձնումը, մյուսը, որ վերջին երկու տարիներին ԼՂ իշխանությունները հստակորեն հայտարարում էին, թե որեւէ փաստաթուղթ, որը կձեւավորվի առանց իրենց մասնակցության, իրենց համար ընդունելի չի լինի: Փաստորեն Լեռնային Ղարաբաղը դիվանագիտորեն հայտարարում էր, որ Հայաստանն այլեւս չպետք է ներկայացնի իր շահերը: Հայաստանի նորընտիր նախագահը հիանալի հիմքեր ուներ հայտարարելու, որ ինքնորոշվող Լեռնային Ղարաբաղն այլեւս ինքնուրույն պետք է մասնակցի բանակցություններին: Համանախագահներն արձանագրել էին ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք եւ չէին կարող կամայականորեն մերժել այդ միջազգային նորմի կիրառման առաջին իսկ քայլը»: