Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր բրիտանացի գործընկերներին ներկայացրել է պրոբացիոն ծառայության ստեղծման խնդիրները:
ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին նա հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի եւ վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսի հետ:
Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը եւ այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ եւ այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի եւ պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաեւ էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին եւ կարեւորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը: Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը, ինչպես նաեւ այն բարեփոխումները, որոնք նրանք պատրաստվում են առաջիկայում իրականացնել, մասնավորապես՝ ուղղված էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը:
Նա նաեւ հայտնել է իր պատրաստակամությունն օրենսդրական փորձաքննության, ինչպես նաեւ այլ ոլորտներում համագործակցության խորացման համար:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գտնվում է Լոնդոնում Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի կազմակերպած «Պրոբացիոն համակարգի ներդրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան պատվիրակության կազմում են նաեւ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման պետ Լեւոն Ավետիսյանը, այլք:





























