Մեքսիկայի նախագահ էնրիկե Պենյա Նյետոն դեմ է արտահայտվել երկրում մարիխուանայի հնարավոր օրինականացման նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում դա իր անձնական կարծիքն է։ Նա ՆԳՆ-ին հրահանգներ է տվել փորձագետների մասնակցությամբ քննարկումներ սկսել՝ պարզելու համար, թե այդ հարցում ինչպիսին պիտի լինի պետական քաղաքականությունը։
Նախագահը հավելել է, որ միանգամայն ակնհայտ է, որ մարիխուանայի օգտագործման հարցը պետք է քննարկվի մարդու իրավունքների տեսանկյունից, այլ ոչ թե միայն քրեական հետապնդման առկայության կամ բացակայության, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի Գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչել մարիխուանայի օգտագործման բացարձակ արգելքը եւ առաջին անգամ դատարան դիմած 4 քաղաքացու թույլատրել էր օգտագործել այդ թմրանյութը։





























