Խոսելով «ավազակային ջոկատի պարագլուխ» Ստեփան Շահումյանի մասին՝ Իլհամ Ալիեւը մոռանում է, որ իր հայրը՝ Հեյդար Ալիեւը, երկար տարիներ իր իսկ ասած այդ «ավազակային» կուսակցության անդամ էր հանդիսանում, ծնկաչոք համբուրում էր այդ կուսակցության դրոշը, ծաղիկներ էր դնում առաջնորդների գերեզմաններին։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանական» անվանումների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
ԼՂՀ նախագահի խոսնակը նշել է, որ ժամանակակից Ադրբեջանի ղեկավարությունը չէ, որ պիտի դատի պատմական տեղանունների մասին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջան պետություն՝ որպես այդպիսին, մինչեւ 1918թ. գոյություն չուներ, իսկ անվանումն էլ կրկնօրինակվել է իրանական տեղանունից։ «Մինչ օրս Ադրբեջանում անվանումները կամ թարգմանված են հայերենից, կամ իրանական են, կամ արաբական կամ դաղստանական»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի նման «մոռացկոտությունը» վկայում է ոչ միայն էթնիկ ինքնության բացակայության, այլ նաեւ քաղաքական եւ բարոյական հիմքերի բացակայության մասին։





























