Եսայի քահանայի մեկնաբանությունը, թե եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ տեղադրված սատանայի արձանը, ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաեւ խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Սինջար եզդիների ազգային միավորում»-ն նախագահ Բորիս Մուրազին:
Նա դիմել է Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ ասվում է.
«Օրերս Եսայի քահանան անդրադառնալով եզդի տղայի եւ հայ աղջկա ամուսնության հնարավորությանը ասել է. «Եզդին արեւապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արեւն է:Աղոթում են արեւին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից եւ, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»:
Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաեւ խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ:
Ուստի դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի կարգի հրավիրի իր հայրապետության ներքո գտնվող հոգեւորականին, որպեսզի այլեւս նման խտրական հայտարարություններ չլինեն: Եզդիների կրոնից անտեղյակ մեկը չի կարող խոսել մեր կրոնից: Եսայի քահանան ստվեր է նետում նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի անվան վրա:
Կոչ եմ անում նաեւ Արարատյան Հայրապետական թեմին իրենց պաշտոնական կայքից հեռացնել Եսայի քահանայի անհարիր մեկնաբանությունը»:





























