Նավթի գները 2020 թվականից շուտ չեն հասնի մեկ բարելի դիմաց 80 դոլարի, չնայած ներդրումների աննախադեպ նվազմանը։ Այդ մասին ասվում է World Energy Outlook (IEA) միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում։
Ինչպես հայտնել է IEA-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը, նավթի ոլորտում ներդրումները 2015 թվականի արդյունքներով կկրճատվեն ավելի քան 20 տոկոսով։ Տվյալ միտումը կարող է շարունակվել եկող տարի, ինչը ազդեցություն կունենա նավթային շուկայի վրա։
IEA-ի բազային սցենարի համաձայն, նավթի նկատմամբ օրական պահանջարկը տարեկան կաճի 900 հազար բարելով եւ 2040-ին կհասնի 103,5 միլիոն բարելի։ Պահանջարկի վրա իր ազդեցությունը կունենա Չինաստանի էլեկտրասպառումը, որը, գործակալության վերլուծաբանների կարծիքով 25 տարուց կրկնակի կգերազանցի ԱՄՆ-ի համանման ցուցանիշը։ Բացի այդ, պահանջարկի աճին կնպաստի Հնդկաստանի տնտեսության աճը։
Միաժամանակ IEA-ն չի բացառում, որ բացասական սցենարի դեպքում նավթի գինը կպահպանվի մեկ բարելի դիմաց 50 դոլարի մակարդակում, մինչեւ ընթացիկ տասնամյակի վերջը եւ 85 դոլարի մակարդակի կհասնի 2040-ին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Brent ապրանքանիշի նավթը նոյեմբերի 10-ի առավոտյան վաճառվում է մեկ բարելի դիմաց 48 դոլարով:





























