Ավստրիական դատարանը պաշտոնապես հայց է ուղարկել Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու թույլտվություն ստանալու համար։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, հայցն ուղարկվել էր դեռ անցյալ տարի, սակայն անպատասխան էր մնացել։
Էլդար Մահմուդովն անցնում է «ատկատի» գործով, որի պայմանագրի 20 տոկոսը, ըստ մեղադրող կողմի, ստացել են Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշ պաշտոնյաներ։ Գումարը վճարել է ավստրիական OeBS ընկերությունը, որը զբաղվում է մանաթի թղթադրամներ հատելով։
Այս գործով աղմկոտ դատական լսումների ժամանակ OeBS –ի ամբաստանյալ բարձրաստիճան աշխատակիցներից մեկը բարձրացրել էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին հարցաքննելու միջնորդություն ներկայացնելու հարցը։ Փաստաբանը նշել էր, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց «ատկատները» կարող են ուղղված լինել ազգային անվտանգության հետ կապված գաղտնի գործողությունների ֆինանսավորման հետ։
Դատավորը բավարարել էր միջնորդությունը եւ Էլդար Մահմուդովին դատարան էր հրավիրել։ Սակայն Բաքվից պատասխան չէր ստացվել։
Դատախազը դիմել էր Ավստրիայի ԱԳՆ՝ խնդրելով լուծել Էլդար Մահմուդովի եւ ԿԲ պաշտոնյաների՝ դատարան ներկայանալու հարցը։ Չնայած ավստրիական կողմի բոլոր ջանքերին՝ այդպես էլ չհաջողվեց ադրբեջանցի նախարարին դարձնել այդ դատական գործի մասնակիցը։





























