Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում՝ արտաքին լուսավորությամբ է ապահովվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այստեղ տեղակայվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, որի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը եւ համայնքի բնակիչները:

Ավելի քան 5000 բնակիչ ունեցող Լիճքը ԽՍՀՄ փլուզումից հետո չի ունեցել արտաքին լուսավորություն: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է տասը տարի առաջ. լուսավորությամբ է ապահովվել գյուղի կենտրոնական փողոցի սկզբնական հատվածը: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում այստեղ տեղակայվել են հենասյուներ եւ լուսադիոդային (LED) 47 լուսատու:  Այժմ արդեն՝ գյուղի կենտրոնական մասում լուսավորությամբ է ապահովվել  շուրջ 1450 մ երկարությամբ տարածք:

«Այս ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝ բնապահպանական եւ սոցիալական: Դրանք մեզ համար կարեւոր են հավասարապես: Նորագույն այս տեխնոլոգիայի միջոցով  մենք մի կողմից նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանությանը, մյուս կողմից՝ թեթեւացնում ենք գյուղացու սոցիալական բեռը: Լիճքի փողոցները կլուսավորվեն՝ էներգախնայողության ռեժիմով: Այս աջակցությունը կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից: Տարրական հարմարությունների բացակայությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա: Մենք ձգտում ենք փոխել ոչ միայն կյանքի պայմանները, այլեւ ավելացնել վաղվա օրվա նկատմամբ՝ մեր հայրենակիցների հավատը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը՝ 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին՝ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը: