Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ն, NEWS.am-ի տեղեկություններով, նախկինում եւս ինքնասպանության փորձ է կատարել՝ փորձելով կտրել պարանոցը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Լուսինե Ս.-ն ինքնասպանության է դիմում հոգեկան անհավասարակշռության պատճառով:

Լուսինե Ս.-ի վիճակը շարունակում է ծանր մնալ: Կինն այժմ գտնվում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնում:  Այրվել է կնոջ մարմնի մակերեսի 19 տոկոսը:

Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:

Լուսինե Ս.-ն, մեր տեղեկություններով, որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում: