Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել վերջ տալ արմատականությունից եւ պահպանողականությունից «կառչելուն» այն խնդիրներին ի պատասխան, որոնց բախվում է Վատիկանը։ Նա հայտնել է, որ եկեղեցին կարող է «ծեծված եւ կեղտոտ» լինել, բայց ոչ մի դեպքում չպետք է տարված լինի փողով ու իշխանությամբ։ Այդ մասին գրում է The Guardian պարբերականը։
Հռոմի պապը նման մտքեր է հայտնել Ֆլորենցիայի համաժողովի ընթացքում։ Նշվում է, որ ներկայումս Վատիկանի ղեկավարը ամեն կերպ փորձում է բարեփոխել ու «թափ տալ» եկեղեցին, որն աստիճանաբար կորցնում է աշխարհում իր աժմեականությունը, ինչպես նաեւ անընդհատ բախվում է ֆինանսական զեղծարարությունների մեղադրանքների։
«Չարժե խնդիրը լուծել արմատականության, պահպանողականության, պահվածքի հին նորմերի վերականգնման միջոցով։ Այդ ամենն այլեւս մշակութային նշանակություն չունի։ Քրիստոնեական ուսմունքը փակ համակարգ չէ, որ չկարողանա հարցեր եւ կասկածներ ձեւակերպել», - եպիսկոպոսների հետ հանդիպմանը հայտնել է Հռոմի պապը։
«Եկեղեցին ապրում է։ Եկեղեցին մարմին ունի, որը շարժվում է եւ աճում։ Եկեղեցու մարմինը Հիսուս Քրիստոսն է»,- հավելել է նա, տեղեկացնում է Gazeta-ն։
Պարբերականը նշում է, որ մինչ պապը հանդես է գալիս բարենորոգիչի դերում, որը փորձում է եկեղեցին պակաս դոգմատիկ եւ կարծր հաստատության վերածել, Վատիկանի շատ ներկայացուցիչներ ակտիվորեն հակառակվում են կաթոլիկական հավատն ավելի բաց եւ ճկուն դարձնելու նրա ջանքերին։
Համաժողովի ընթացքում Հռոմի պապը նաեւ ասել է, որ եկեղեցին պիտի խուսափի իշխանությամբ տարվածությունից, նույնիսկ եթե այդ իշխանությունը «օգտակար կարող էր լինել կաթոլիկների սոցիալական կերպարի համար»։




























