Աֆղանստանի մայրաքաղաքում չորեքշաբթի հազար մարդ հակաիսլամիստական ցույցի է դուրս եկել գրոհայինների կողմից յոթ խազարի սպանությունից հետո, ցույցի պատճառը նաեւ ահաբեկիչների դեմ պայքարում իշխանությունների անգործություն է, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ցույցը հիմնականում տեղի է ունենում Քաբուլի արեւմուտքում, որտեղ խազարների մեծ քանակություն է ապրում։  Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել  իշխանություններից, որոնք ոչ մի վճռական միջոց ձեռք չեն առնում այդ սպանության հետ կապված, ինչպես նաեւ ապագայում նման դեպքերի կանխարգելման նպատակով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։  

«Թալիբները հանցագործություններ են կատարում, իսկ կառավարությունն աջակցում է նրանց»,- ցուցարարները նման գրություններով պաստառներ են տանում՝ ուղղվելով դեպի Քաբուլի կենտրոնում գտնվող նախագահական պալատ։  

Յոթ խազար, այդ թվում նաեւ՝ երեք կին եւ երկու երեխա գրոհայինների պատանդն էին եւ սպանվել էին անցած հանգստյան օրերին՝ թալիբների եւ գրոհայինների, ենթադրաբար՝ ԻՊ-ի հետեւորդների խմբի բախման հետեւանքով։ Տեղի իշխանությունները սպանության համար մեղադրել են  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։