Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ն, NEWS.am-ի տեղեկություններով, հենց այն կինն է, որը երեք ամիս առաջ իր երկու մանկահասակ երեխաների հետ գնացել էր Կիեւյան կամուրջ եւ նետվելու փորձ արել, ինչը սակայն կանխվել էր:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի Կիեւյան կամրջից  մոտ 30 տարեկան մի կին սպառնում է ցած նետվել: Կինն անցել էր կամրջի ցանկապատից այն կողմ, եւ հայտարարել է, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում էր հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ համոզել կնոջը հետ կանգնել իր մտադրությունից: Կինն իր հետ բերել էր երկու մանկահասակ երեխաներին:

Մեզ հասած տեղեկություններով՝ Լուսինե Ս.-ն ինքնասպանության է դիմում հոգեկան անհավասարակշռության պատճառով:

Լուսինե Ս.-ի վիճակը շարունակում է ծանր մնալ: Կինն այժմ գտնվում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնում:  Այրվել է կնոջ մարմնի մակերեսի 19 տոկոսը:

Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:

Լուսինե Ս.-ն, մեր տեղեկություններով, որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում: