Մինչեւ 1996 թվականը Հայաստանում կար 4 մլն բնակչություն եւ 120 դատավոր, որոնք կարողանում էին լուծել բոլոր վեճերը, իսկ հիմա ունենք ոտից գլուխ 2 մլն բնակչություն, 250-ից ավել դատավորներ, որոնք աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նշենք, որ այս փոփոխություններով առաջարկվում է էլի ավելացնել դատավորների թիվը:
Ջհանգիրյանին զարմացնում է այն, որ նման ծանրաբեռնվածություն կա թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով: Նրա խոսքով, ոստիկանությունն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, թե կրճատվել է քրեական հանցագործությունների թիվը, բայց դատարաններում քննվող հանցագործությունների թիվը պաշտոնական ցուցանիշներով աճում է, աճում է նաեւ քաղաքացիական գործերի թիվը: «Ո՞նց կարող է այդքան քաղաքացիական գործ լինել 2 մլն բնակչության դեպքում, ուրեմն արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են»,- կարծիք է հայտնել ՀԱԿ պատգամավորը:
«Ասեմ ավելին, ավելի շատ այդ տնտեսական, գույքային վեճերը լուծվում են հեղինակությունների, գողական աշխարհի կողմից, որն ավելի շատ էֆեկտիվ է արդյունքի տեսանկյունից: Ճիշտ է, այնտեղ իրենց տոկոսն են վերցնում, փայն են մտնում, բայց դա արագ լուծվում է, դատարաններում 4-5 ամիս չպիտի սպասեն, որ առաջին նիստը տեղի ունենա»,-ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ ամենակարեւորն այն , որ դատական համակարգն աշխատի:





























