Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն ընթանում է բնականոն հունով. եվ «Այո» եւ «Ոչ»-ն ունեն հավասար հնարավարություններ` իրենց տեսակետները հայտնելու համար: Այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` այս նախագծի կարեւորագույն կետը կառավարման համակարգի ձեւի փոփոխությունն է, որով էլ պայմանավորվում են մյուս դրական փոփոխությունները:

«Գործող կիսանախագահական համակարգում կա խոցելի իրողություն, որը տարիներ առաջ մատնացույց են արել նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները: Կարող է լինել երկու տարբերակ. նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը նույն ուժն են ներկայացնում, հետեւաբար ստեղծվում է մենիշխանություն, կամ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը միեւնույն քաղաքական ուժից չեն, ինչը վատ հետեւանքներ ունի: Հետեւաբար, խորհրդարանական համակարգի անցումը լավագույն տարբերակն է»,- ասաց Մինասյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը մեկ անգամ եւս ընդգծեց, որ այս նախագիծը լայն հնարավորություն է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար, դրական փոփոխություններ կատարում դատական համակարգում եւ մյուս կառույցներում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների հնչեցրած կարծիքին, թե հնարավոր է` 2017թ. խորհրդարանում կլինեն 191 պատգամավոր, Գագիկ Մինասյանի խոսքով` անհեթեթություն է ու չի կարող համապատասխանել իրականությանը:

«2007թ. խորհրդարան անցած 5 քազաքական ուժերը ստացել են միայն քվեարկողների 75 տոկոսը, իսկ 25 տոկոսը վերաբաշխվել է այն ուժերի վրա, որոնք անցել են խորհրդարան: Սա սկզբունքորեն արդար չէ, բայց սա համամասնական ընտրական համակարգի առանձնահատկություններից է ամբողջ աշխարհում: Համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում չի կարող այնպես լինել, որ 25 տոկոսը բաշխվի քաղաքական ուժերի վրա եւ պատգամավորների թիվն ավելանա»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ հարյուր տոկոսանոց ընտրական համակարգին: