Հայաստանում ընդամենը կա 109 զույգ, որի անձնական տվյալները համընկնում են: Այս մասին այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով կարծիքին, թե նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը նշանակում է ընտրակեղծիքների աճ:
«Հանրաքվեի ընտրացուցակներում նշվում են ոչ միայն անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, այլեւ ծննդյան օր ու տարեթիվ: Հայաստանի Հանրապետությունում կա 109 զույգ կա, որ ունեն միեւնույն անունը, ազգանունը, հայրանունը, այլեւ ծննդյան օրն ու տարեթիվը: Եթե այդ մարդիկ շատ ուզենան խախտում կատարել, ապա մենք կունենանք ընդամենը 109 խախտում: Նշեմ, որ այդ զույգերից մեկն ունեն միեւնույն տվյալները, սակայն մեկը տղամարդ է, մյուսը կին»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ նույնականացման քարտերով ընտրության մասնակցելուն դեմ են ընդդիմադիր ուժերը, քանի որ համոզված են` այդ դեպքում քաղաքացիները միմյանց փոխարեն կմասնակցեն քվեարկության, կամ մի անձը մի քանի անգամ կքվեարկի: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներից 180 հազարն ունեն միայն նույնականացման քարտ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ հարյուր տոկոսանոց ընտրական համակարգին:





























