Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Մերձավոր Արեւելքի երկրների առաջնորդներին կոչ է արել միավորվել ԻՊ-ի դեմ, տեղեկացրել է ռուսական այս շրջանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ես իմ պարտքն եմ համարում ուղղակիորեն դիմել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Մարոկկոյի, Ալժիրի, Թուրքիայի, Իրանի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Պակիստանի առաջնորդներին... Մինչեւ ե՞րբ եք մտադիր հանգիստ նայել, թե ինչպես են ոչնչացնում Մուհամեդ մարգարեի համայնքը։ Ինչո՞ւ չեք հավաքվում եւ քննարկում այդ խնդիրը։ Ինչո՞ւ միջոցներ ձեռք չեք առնում ԻՊ-ին սանձելու համար։ Ինչո՞ւ ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին չեք ասում՝ «Հերիք է»,- Քադիրովի խոսքն է մեջբերում «Ռիա Նովոստին»։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն «արաբական գարնան անվան տակ քաղաքացիական պատերազմների հրդեհներ վառեց Լիբիայում, Թունիսում, Սիրիայում, Եմենում, Եգիպտոսում, Պարսից ծոցի գործնականում բոլոր երկրները սպասման վիճակի մեջ դրեց»։
Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ միասնականությամբ հնարավոր է ցանկացած համաշխարհային խնդիր լուծել։
«Մենք 1,5 միլիարդ ենք։ Երիտասարդ, առողջ, վճռական, առնական։ Մենք ի վիճակի ենք համաշխարհային մասշտաբի ցանկացած խնդիր լուծել, եթե միասնական ուժ դառնանք։ Ես Ամենաբարձրյալ Ալլահի անունից ձեզ կոչ եմ անում մտորել տեղի ունեցածի մասին, համաձայնության ուղիներ գտնել, մեր թշնամուն սանձելու մեխանիզմ մշակել»,- հավելել է Քադիրովը։





























