Ստրասբուրգում, նոյեմբերի 10-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Դատարանը հրապարակել է «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության իրավունք) խախտումը: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3000 եվրո վճարել Հայկ Սահակյանին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

ՄԻԵԴ-ի որոշման նշված է, որ դիմումատու Հայկ Սահակյանը 2007թ. օգոստոսի 30-ին ձերբակալվել է եւ մեղադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նույն թվականի սեպտեմբերի 1-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է, իսկ սեպտեմբերի 28-ին նրա նկատմամբ գրավ է կիրառվել: Հոկտեմբերի 4-ին քննիչը որոշել է չեղյալ համարել գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը եւ հիմք ընդունել սեպտեմբերի 1-ի՝ Հայկ Սահակյանին կալանավորելու մասին որոշումը:

Հոկտեմբերի 22-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Սահակյանի բողոքի հիման վրա որոշել է վերացնել քննիչի որոշումը եւ ազատ արձակել Հայկ Սահակյանին:

Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ կալանավորման որոշումը կարող էր կայացվել միայն դատարանի որոշմամբ եւ որ քննիչը գերազանցել է իր լիազորությունները:

Դեկտեմբերի 13-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Հայկ Սահակյանին, սակայն 2008թ. մարտի 28-ին վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը:

2009թ. ապրիլի 21-ին դիմումատուն քաղաքացիական գործընթաց է սկսել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ՝ պահանջելով նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում: 2009թ. սեպտեմբերի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել հայցը նյութական վնասի մասով եւ որպես փոխհատուցում սահմանել 215.100 դրամ: Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարանը թողել էր առանց քննության՝ այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությունը փոխհատուցման այդ տեսակը չի նախատեսում:

Այս գործով բողոք է ներկայացրել նաեւ ֆինանսների նախարարությունը. դատարանը մերժել է Հայկ Սահակյանի բողոքը, բավարարել ֆինանսների նախարարության բողոքը, որպես նյութական վնասի փոխհատուցման չափ սահմանելով 96.800 դրամ: Ոչ նյութական վնասի հատուցման հարցը չի քննվել՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում:

2009թ. դեկտեմբերի 14-ին Հայկ Սահակյանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան, որը 2011թ. հուլիսի 1-ին մերժել է բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ դիմումատուն պահանջել է 1,221,500  դրամ եւ 15,400 եվրո՝ որպես նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դատարանը կապ չի տեսել հայտնաբերված խախտման եւ ներկայացված նյութական վնասի միջեւ: Դատարանը գտել է, որ դիմումատուն կրել ոչ նյութական վնաս, որը չի փոխհատուցվել: