Ուզբեկստանում բանտից ազատ է արձակվել հայտնի քաղբանտարկյալ Մուրոդ Ջուրաեւը, որը բանտում էր 1994 թվականից, հաղորդում է Reuters-ը:

Ջուրաեւը խորհրդարանի պատգամավոր է եղել երկրում արգելված «Ազատություն» կուսակցությունից: 1994-ին նրան դատապարտել են 12 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Դրանից հետո նրա պատժաչափն ավելացվել է:

Իրավապաշտպանները նշել են, որ 64-ամյա Ջուրաեւի տրամադրությունը լավ է: Երկրի իշխանություններն այս տեղեկությունները դեռ չեն հաստատել, հաղորդում է Gazeta-ն:

Լրատվամիջոցներն այս որոշումը կապում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի Ուզբեկստան այցով եւ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի՝ Արեւմուտքի հետ կապերն ամրապնդելու կուրսով: