ՀՀ մարզերում անալոգային հեռարձակումը կանջատվի միայն սոցիալական խնդիրները լուծելուց հետո։ Այս մասին նոյեմբերի 12-ին «Հայաստանում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցնելու խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը։
Նրա խոսքով՝ «Հեռուստա-ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ-ն ձեռք կբերի ընդունիչ սարքավորումների 48700 նմուշ։ «Այդ սարքավորումները կհանձնեն ՀՀ ՏԿԱԻՆ-ին, որը սահմանված կարգով կբաժանի սոցիալապես անապահով խավերին»,- նշել է Թադեւոսյանը։
Իսկ ընդհանուր առմամբ անալոգային հեռարձակման անջատումը հունվարի 1-ից կլինի աստիճանաբար։ «Ոչ մի քաղաքացի չպետք է զրկվի հեռուստատեսային տեղեկություն ստանալու իրավունքից։ Մեր նախարարը խոստացել է, որ այդ սոցիալական հարցն անպայման պետք է լուծվի»,- ասել է փոխնախարարը։





























