Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում բնակվող 38-ամյա Կարապետ Սահակյանը դատարանի առջեւ է կանգնել կնոջ հետ գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանելու, դրա ընթացքում նրան հարվածելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության` Կարապետ Սահակյանը հուլիսի 26-ին` ժամը 20։00-ի սահմանում, Վաղաշեն գյուղի իրենց տանը, գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել է իր կնոջ՝ Անահիտ Հայրապետյանի հետ, ինչի ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել է կնոջ մեջքին,  թեւերին, ուսերին ու ոտքերին։

Հարվածների հետեւանքով կինը ստացել է աջ ուսահոդի, զույգ բազուկների, զույգ ազդրերի, զույգ ծնկան հոդերի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումներ, աջից կրծքագոտկային շրջանի արյունազեղում, ենթամաշկային արյունահավաք։

Կարապետ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածով` (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, գործը քննում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։