Ադրբեջանի նախագահի հրամանով աշխատանքից ազատվել է կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը: Այս մասին տեղեկացնում է Ալիեւի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ haqqin.az-ը գրել էր, որ անցյալ շաբաթ Ալի Աբասովին կանչել են գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հարցաքննության:

Գործակալության տվյալներով, պատճառը նրա դեմ նախարարության աշխատակազմի ձերբակալված ղեկավար Վիդադի Զեյնալովի տված ցուցմունքն է:

Իսկ Զեյնալովին ձերբակալել են «Բաքվի հեռախոսակապ» ընկերության գլխավոր տնօրեն, ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի ազգական Բեյտուլլա Հուսեյնովի ցուցմունքների հիման վրա:

Տեղեկացված աղբյուրների փոխանցմամբ, նախարար Ալի Աբասովը հերքել է բոլոր մեղադրանքները եւ ցուցմունք տվել ԱԱՆ նախկին ղեկավարի՝ Էլդար Մահմուդովի դեմ:

Խոսքն ԱԱՆ-ի կազմակերպած գաղտնալսման մասին է: Աշխատանքից ազատվել են նաեւ ԱԱՆ մի քանի տասնյակ աշխատակիցներ՝ նախարար Մահմուդովի գլխավորությամբ: Գերատեսչության աշխատակիցները զբաղվել են շորթմամբ, մարդկանց առեւանգմամբ, փողերի լվացմամբ: