Սեւրի պայմանագիրը դարձել է Թուրքիայի պարանոյան եւ օգտագործվում է մի շարք քաղաքական ուժերի կողմից` դիվիդենտներ հավաքելու համար:Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը:
Նրա խոսքով, թուրք հասարակությունը լավ ծանոթ է Սեւրի պայմանագրին: «Շատ գործիչներ հանրությանը վախեցնում են Սեւրի պայմանագրով, ասելով, որ եթե մեզ չլսեք` Սեւր կլինի»,- նշել է քաղաքագետը:
Միաժամանակ, նա քիչ հավանական է համարել Սեւրի պայմանագրի իրագործումը: «Եթե դա տեղի չի ունեցել 1920թ., երբ Թուրքիան շատ թույլ էր, չի լինի եւ այժմ, երբ Թուրքիան աշխարհի հզոր երկրներից մեկն է»,- հավաստիացրել է Օզքանը:
Նշենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին եւ ենթադրում է հայկական պետության կազմում ներառել Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթները, որի արդյունքում Հայաստանը մուտք էր ստանում դեպի Սեւ ծով: Պայմանագիրը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց:




























