Վրաստանը որեւէ խնդիր չի հարուցում Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր հատում են պաշտոնական անցակետերը, ավելին, ռուսաստանցիների համար մեղմացված վիզային ռեժիմ է գործում: Այդ մասին «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ կոչն ուղղված իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Վրաստան այցելելուց:
Կալանդաձեի խոսքով, այդ հայտարարությունը հակավրացական քարոզչության մաս է, որն իրականացնում է ռուսական կառավարոթյունը: «Ավելի ճիշտ կլիներ, եթե իրենց քաղաքացիներին կոչ անեին զերծ մնալ վրացական սահմանի ապօրինի հատումից»,- ասել է Կալանդաձեն: Փոխնախարարը նշել է, թե Ռուսաստանի քաղաքացիները ամենաթողության կամ անարդարության զոհ չեն դառնում: Իսկ նրանք, ովքեր սահմանը կհատեն՝ շրջանցելով պաշտոնապես հաստատված անցակետերը, օրենքով նախատեսված միջոցներ են գործելու:
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Վրաստան այցելելուց, քանի որ նրանք վրացական հատուկ ծառայությունների զոհն են դառնում: Մոսկվան դժգոհել էր, որ օտարերկրացիները, այցելելով Աբխազիա եւ Հարավային Օսիա, Վրաստանում քրեական հետապնդման են ենթարկվում:




























