Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) այսօր հայտարարեցին անգլերենի ուսուցման երկու ծրագրերի շարունակական ընդլայնման մասին: Ծրագրերի հովանավորն է ԱՄՆ դեսպանատունը, ֆինանսական աջակցություն է տրամադրում եւ ծրագրերն իրականացնում է հիմնադրամը: Դասընթացներն իրականացվելու են հիմնականում Հայաստանի մի շարք գյուղական շրջաններում:

«Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիր» (Աքսես) եւ «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրերի շարունակությունն ու զարգացումը Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդներին մեծ կարողություն կտան՝ տիրապետելու փորձված գործիքների, որոնք օգնելու են լեզվի յուրացմանը:

«Մենք լայն հնարավորություններ ենք ընձեռում գյուղական երիտասարդությանը՝ օգնելով նրանց աճել գիտական եւ մասնագիտական ոլորտներում,- ասաց Երեւանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ժակլին Դելեյը:- Անգլերենն արժեքավոր հմտություն է, որը հայ երիտասարդներին կարող է օգնել՝ հասնելու իրենց ակադեմիական նպատակներին եւ մեծացնելու տնտեսական հեռանկարները»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի հետ միասին այս տարվա երկու ծրագրերի մեկնարկի մասին ասուլիսում նրանք ընդգծեցին, որ անգլերենի որակյալ կրթության խրախուսումը երկու կազմակերպությունների՝ դեսպանատան եւ հիմնադրամի գլխավոր նպատակներից է:

Աքսեսը երկամյա միկրոկրթաթոշակային ծրագիր է: Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն հաջողությամբ իրականացրել է Աքսեսի նախորդ երկու ծրագրերը, իսկ այս միջոցառումը հայտարարում է հաջորդ երկամյա շրջափուլի մեկնարկի մասին: Հաջորդ երկու տարիների ընթացքում ԱՄՆ դեպանատունը եւ COAF-ը հնարավորություն կունենան ընդգրկելու 90 պայծառ, տնտեսապես խոցելի խմբերի 13-16 տարեկան աշակերտների Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի եւ Դեբետ (Լոռու մարզ) համայնքներից:

«Որպես ծրագրի ուղղակի արդյունք՝ գյուղական երիտասարդությունը կմեծացնի իր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն արդյունավետորեն մասնակցելու կարողությունը, ձեռք կբերի հմտություններ եւ առավել մրցունակ կլինի ապագայում մասնագիտական կայացման ճանապարհին,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:- Լեզվի դասընթացից բացի, այս նախաձեռնությունը կենտրոնանալու է նաեւ տեղական մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ գյուղի ուսուցիչներին ընդգրկելով որպես Աքսես ծրագրի դասավանդողների օգնականներ»:

Այսօր մեկնարկած երկրորդ՝ «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագիրն առաջարկում է առցանց եւ ստացիոնար դասընթացների համադրություն: Ամեն շաբաթ այս նոր նախաձեռնության հետդպրոցական տարիքի մասնակիցները լեզուն կուսումնասիրեն առցանց կառավարման գերժամանակակից Մուդլ (Moodle) համակարգով: Ուսանողները կմասնակցեն նաեւ մի շարք դեմ առ դեմ դասերի:

2015 եւ 2016 թվականների ընթացքում այս նոր առցանց նախաձեռնությունը ծառայելու է Հայաստանի 320 երիտասարդի 9 տարբեր կենտրոններում: Մասնակիցներն ընտրվելու են այնպիսի համայնքներից, որտեղ անգլերենի ուսուցման ռեսուրսները սահմանափակ են կամ բոլորովին բացակայում են: Ծրագիրը կենտրոնանում է 17-35 տարեկան երիտասարդների վրա, ովքեր հիմնականում մուտք չունեն անգլերենի լսարաններին: Դասընթացը նպատակ ունի ամրապնդելու ուսանողի գրավոր եւ բանավոր գիտելիքները՝ առաջարկելով սոցիալական անգլերեն եւ բիզնես հաղորդակցություն: