Գերմանական Գերլից քաղաքի բնակիչը հայտարարել է, որ Ադոլֆ Հիտլերի ազգականն է: Ռոմանո Լուկաս Հիտլեր անունով տղամարդը որպես ապացույց լրագրողներին է ներկայացրել բռնապետի ազգանունով իր փաստաթղթերը՝ վարորդական իրավունքն ու տան վարձակալության պայմանագիրը:
Ըստ Express-ի, 65-ամյա գերմանացին պատմել է, որ ֆյուրերի հայրը՝ Ալոիս Հիտլերը, կրտսեր եղբայր է ունեցել, ում թոռն էլ իր հայրն է: Հիտլերի ենթադրյալ ազգականի ծնողները փախել են Արեւելյան Գերմանիա, այնուհետեւ բնակություն հաստատել Սլովակիայում եւ վախճանվել Բրատիսլավայում: Ավելի ուշ փոքրիկ Ռոմանո Հիտլերին մենաստան են տարել, ինչից հետո նրան ընդունել է լեհական մի ընտանիք: Իսկ Գերմանիա նա փոխադրվել է արդեն հասուն տարիքում:
Ըստ Lenta-ի, Հիտլերը հայտարարել է, որ ի տարբերություն իր հեռավոր ազգականի՝ ինքը պարզ եւ բարի մարդ է: Ասում է՝ երբ մարդիկ իմանում են իր ազգանունը, կա՛մ ծիծաղում են, կա՛մ վախենում:
Տղամարդու տան սենյակի պատերից մեկին Հիտլերի դիմանկարն է, կողքին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: Մեկ այլ պատն էլ զարդարում է Ուսամա բեն Լադենի դիմանկարը:
Express-ը նշում է, որ Ռոմանոյի հայտարարությունը չի համապատասխանում պատմական փաստերին. Հիտլերի հայրը եղբայր չի ունեցել:





























