Բաքուն հետեւողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակներում, «Լեռնային Ղարաբաղ․ նոր մարտահրավերներ եւ նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացման ժամանակ ունեցած իր ելույթում նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Նա իր ելույթում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը։ Կարեն Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքուն հետեւողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն եւ ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ Այդ մասին վկայում է, մասնավորապես, այն, որ Բաքուն շարունակաբար մերժում է ինչպես շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմերի նախաձեռնությունները, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նաեւ ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են իրենց վճռականության մեջ՝ շարունակելու 1991 թ․ անկախության հանրաքվեին ընտրված եւ 2006 թ․ սահմանադրական հանրաքվեին հաստատված ուղին։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը հուսալի, կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր է եւ կարեւոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում տարածաշրջանում։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում անդրադարձել է նաեւ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռեւս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային ահաբեկչությունը է գլոբալ մարտահրավեր է, որի հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության համախմբված մոտեցում։





























