Հայաստանին անհրաժեշտ է տեղական ավիափոխադրող: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նիստում նշել է Ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ատբաշյանը: Նիստում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիային նվիրված հարցեր:
Դմիտրի Ատբաշյանը քննարկման է ներկայացրել 2 առանցքային հարց. առաջինը` օդային օրեսնդրության ընդունման անհրաժեշտությունը` որպես ավիացիայի ոլորտում պետական համապատասխան մարմինների կողմից առավել արդյունավետ աշխատելու մեխանիզմ` մասնավորապես կապված անվտանգության երաշխիքների, պատասխանատվության եւ բազմաթիվ այլ հարցերի հետ, երկրորդը` տեղական ավիափոխադրող կամ ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը: Ենթահանձնաժողովի անդամները կարեւորել են տեղական ավիափոխադրողներ ունենալու հարցը` նշելով, որ այն Հայաստանի համար ունի ազգային անվտանգության նշանակություն:
Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը կարեւորել է ավիացիայի ոլորտում ներքին ռեսուրսները կենտրոնացնելու խնդիրը` ենթահանձնաժողովի անդամներին առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հայկական ավիացիայի ներկա ռեսուրսներն ուսումնասիրելու, տեղեկությունները հավաքագրելու գործով, որպեսզի հասկանալի դառնա, թե այսօր ինչ տեխնիկական միջոցներ (մասնավորապես ինքնաթիռներ), ինչ մասնագետներ եւ ինչ ֆինանսական միջոցներ կան Հայաստանում:
Սաֆարյանն առաջարկել է Հանրային խորհուրդ հրավիրել այն ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել ավիացիայի ոլորտով, լսել նրանց առաջարկները եւ համատեղ քննարկել ազգային ավիաընկերություններ հիմնելու եւ ավիափոխադրումներ իրականացնելու հետ կապված խնդիրներն ու հեռանկարները:
Նա նաեւ նշել է, որ Հանրային խորհրդի հետ հանդիպումների ժամանակ երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը նույնպես կարեւորել են տեղական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը, ուստի Հանրային խորհուրդը պետք է շարունակի հստակ առաջարկներ ներկայացնել ոլորտը կարգավորելու ուղղությամբ:





























