Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընտրվելուց հետո առ այսօր աշխատավարձ չի ստացել. նա իր գումարն ամեն ամիս փոխանցում է որեւէ բարեգործական հիմնադրամի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը՝ անդրադառնալով քաղաքապետի խոստմանը, թե ինքն աշխատավարձ չի ստանալու այնքան ժամանակ, քանի տնակներում բնակվող գյումրեցի կա:

«Մենք արդեն հայտարարություն ենք տարածել, որ մեզ կարող են դիմել տնակներում բնակվող, չորս եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները եւ հերթագրվել: Այնուհետեւ տեղի կունենա վիճակահանություն, եւ առաջին բնակարանը նվիրելու է հենց քաղաքապետը»,- ասաց Լիլիթ Մակարյանը՝ նշելով, որ հերթագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետ է ընտրվել 2012թ. սեպտեմբերին: Երկու ամիս անց տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Բալասանյանը հայտարարել է, որ իր աշխատավարձը լինելու է 270 հազար դրամ:

Նշենք միայն, որ Բալասանյանը խոշոր գործարար է: