Գերակա շահ ճանաչված` Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բյուզանդ փողոցի նախկին տների կառուցապատող «Գլենդել Հիլզի» կազմակերպության տնօրինությունը տների նախկին բնակիչներին առաջարկել է հաշվեհամարներ բացել` նրանց գումարային փոխհատուցում տալու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի 33 թաղամասի նախկին բնակիչներից Նունե Կարապետյանը`նշելով, որ դա արվում է առանց կառավարության որոշման, որն էլ վստահություն չի ներշնչում:

«Ես չեմ հավատում, որ առանց կառավարության որոշման մեզ գումարային փոխհատուցում կտան, նրանք նորից այս քայլով ժամանակ են ձգում: Ես բնակիչներին ասել եմ, որ չհավատան, այդպիսի բան չանեն, բայց ոչ ոք չի ուզում ինձ լսել: Կարծում եմ` պայքարելու ու հաղթելու միակ ձեւը միավորվելն ու փողոցային պայքարի դուրս գալն է: Առաջարկում են մեզ հետ կնքած պայմանագիրը դարձնել ֆինանսական աջակցման պայմանագիր»,-ասաց նա:

Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ, Հանրապետության 32, Կանդ թաղամասերի և Բյուզանդ փողոցի տների բնակիչները 2015թ. հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրանց խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել  188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով: