Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերը չեն վերանայվում, քանի որ իշխանությունները կարծում են, որ մեր դատական համակարգն ու իրենք անսխալական են, դա էլ ապացոիցում է, որ Հայաստանում իրավունքն ու գործառույթը համապարփակ չեն գործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ժամանակին իշխանություններն ասում էին, որ մահապատժի դատապարտվածներ կան, որոնց հանդեպ չի կարելի որեւէ մեղմացում թույլ տալ: Իշխանությունն երեք փաստարկ են բերում, ըստ որի չի կարելի ցմահ դատապարտյալների գործերը վերանայել՝ ցմահ դատապարտելն ավելի մեղմ պատիժ է, քան մահապատիժը, ասում են չկան այն հիմքերը, որոնցով հնարավոր է գործերը վերանայել: Այս երեք փաստարկներն էլ ասում են, որ մեր իշխանություններն ուզում են փաստել, որ իրենք անսխալական են, որը գավառականության հետք է: Երբ ասում ենք գործերը վերանայեք, ոչ թե ցմահ ազատազրկվածներին ենք պաշտպանում, այլ ուզում ենք, որ օրենքը գործի, իրավունքը լինի գերակա: Գործառույթն ու իրավունքը համապարփակ չեն գործում մեր երկրում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին:





























