Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  այսօր` նոյեմբերի 14-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված Միքայել Թորոսյանի հոգեհանգստի արարողությանը: Հոգեհանգստին ներկա էին նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի  պետ Յուրի Խաչատուրովը, այլ բարձրաստիճան զինվորականներ, Միքայելի ծառայակից ընկերները։

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանը Երեւանի բնակիչ էր, 10 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:

Նա ավարտել էր քոլեջը, մասնագիտությամբ տնտեսագետ էր։ Միքայելին ընկերները հիշում են որպես զուսպ, խելացի տղայի, ծառայակիցները նշում էին, որ տասն ամսվա ծառայության ընթացքում նա աչքի է ընկել կարգապահությամբ ու  բարեխիղճ ծառայությամբ։

Միքայելն ընտանիքի կրտսեր զավակն էր։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։